Եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն՝ չքանդենք պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե հիմա այստեղ 100 000 մարդ լիներ, ապա հարցը վերջացած կլիներ։
Բայց այդ 100 000 մարդը կա, չէ՞, որ դժգոհ է, հասկանում է, որ երկիրը կործանվում է․․․ բայց ժողովուրդը դուրս կգա այս դեպրեսիվ վիճակից։
Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության առաջարկած վարչապետի միացյալ թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Փաշինյանը կործանել է երկիրը, հանցագործը պետք է նստի բանտում»,-ասաց նա։
Նա նշեց, որ պատերազմի ակտիվ «ֆազան» վերջացավ, հիմա էլ սողացող օկուպացիա է իրականացվում, ապա հավելեց, որ կորցրել ենք շատ բաներ ու շարունակում ենք կորցնել։
Մանուկյանի համար զարմանալի է, որ ժողովրդի մի հատված կա, որ հալած յուղի տեղ ընդունում է Փաշինյանի բոլոր պառակտման կոչերը։ Նա մեջբերեց հայտնի պոետ Չուկովսկու բանաստեղծությունից մի հատված՝ «Это великан? Это просто таракан»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերը շարունակվում են։ ՀՀ կառավարության շենքը շրջափակելու փորձ կատարող ավելի քան 60 քաղաքացի բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն։