ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ-ը հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մատաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են:
Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:
Առավոտյան ժամը 6։30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ստեփանակերտի ուղղությամբ։ Արձակվել է 4 ծանր արկ։