ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ են ստացել՝ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով:
«Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում…
• Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:
• Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր:
Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»,- տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: