Արցախի պաշտպանության բանակը Արցախի հարավային ճակատում այս պահին առկա ռազմաճակատային բնագծին չի համակերպվի: Այս մասին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման իրավիճակում հայկական կողմը պատրաստ է հրադադարի:
«Հրադադարի գնալը քաղաքական հարց է, բայց մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա: Մեր պլաններում այլ գործողություններ են, այլ բնույթի և այլ տարածքի»,- ասել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հակառակորդի առաջխաղացմանը, ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ պատերազմից առաջ հնարավոր չէ իդեալական հաշվարկել, թե ինչ կարող է լինել: Նա նաև չի թաքցրել, որ հընթացս որոշ սխալներ, խնդիրներ են ի հայտ եկել, որոնք բանակի հրամանատարությունը փորձել է հնարավորինս արագ լուծել, շտկել:
«Իրավիճակը շատ արագ է զարգանում, երկու կողմերն էլ վերախմբավորումներ են կատարում, մեզ մոտ էլ տեսնում եք՝ պահեստազորն ակտիվ պատրաստվում է, մենք մի փոքր երկարացրել ենք, խորացրել ենք պահեստազորի պատրաստման պրոցեսը, պահեստազորից հավաքել ենք մեծ թվով փորձառու սպաների» ,- ասել է նա:
Հովհաննիսյանը կարևորել է նաև ռազմաճակատում բնագծի պաշտպանությունը՝ նշելով, որ այդ գծում կանգնած զորքի վրա գուցեև չհարձակվեն, բնագծում կանգնած զինվորը չկռվի, բայց նրա բացակայությունից է կախված բնագծի պահպանությունը: «Կարող է երբեք քեզ վրա չգան, հասկանան, որ դու կանգնած ես, կայուն ես, այդ ուղղությամբ ընդհանրապես չգան, բայց եթե հետ ես քաշվում, բնագիծ ես կորցնում»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը:
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։