ՀՀ քննչական կոմիտեում կա 9 քրեական գործ՝ Արցախից Երևան զենք տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ այդ խնդիրը հիմնականում կապված է պահեստազորայինների հետ:
«Զենք բերելու որևէ լուրջ պատճառաբանություն չկա։ Եվ ինքներդ էլ մտածեք՝ ինչո՞ւ պետք է բերել նռնակը, ինքնաձիգը, ինքնաձիգի փամփուշտը։ Եթե անձը չի ուզում ծառայել, ապա զենքը կարող է հանձնել ծառայակցին՝ մինչև վերադառնալը»։
Ինչպես նշել է Մելիքյանը՝ կա վարկած, որ որևէ հանցավոր հեղինակություն է պատվիրել զենք կամ փամփուշտ բերել, ուստի իրենք աշխատում են նաև ԱԱԾ-ի հետ։ Սակայն, ավարտված գործ դեռ չկա ու միանշանակ պնդել, թե ինչ նպատակով է զենքը բերվել, չունեն։
ՔԿ նախագահի տեղակալը նշեց, որ Արցախից Երևան է տեղափոխվել և՛ ռազմամթերք, և՛ հրազենային միջոցներ: Ինը գործն էլ «երիտասարդ գործեր» են, նախաքննության ավարտին եզրակացություններ կարվեն, ամփոփելու համար շատ վաղ է։
Թե ինչ եղանակով է հնարավոր կանխել ու բացառել այդպիսի դեպքերը, պաշտոնյան ասաց, որ Ռազմական ոստիկանությունը տեղյակ է դեպքերին։ Շրջիկ պարեկային խմբերի ու պահակակետերի ստուգումների միջոցով նման դեպքերը պետք է վերանան։