Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակել են հետպատերազմյան իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ՝ առաջիկա 3-6 ամսվա համար։
Մոտ երկու տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինթերնեյշընլ»-ը, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Հելսինկյան ասոցիացիա»-ն և մի շարք ակտիվ քաղաքացիներ առաջարկում են կենտրոնացնել Հայաստանի Ազգային ժողովի, Կառավարության, քաղաքական ուժերի ու քաղաքացիական կառույցների, ինչպես նաև հայկական Սփյուռքի բոլոր ուժերը և ռեսուրսները, ստեղծել օպերատիվ շտաբ, որն էլ կհամակարգի գործողությունները 5 ուղղություններով։
Քաղհասարակության նախաձեռնող խումբն առաջարկում է ձևավորել հանրային վերահսկողության մարմին և ներգրավվել ձևավորվելիք աշխատանքային խմբերում։
Առաջարկի հեղինակները առանձնացրել են մի շարք կարևոր խնդիրներ գերիների, անհետ կորածների, փախստականների, սահմանագծման և սահմանազատման հարցերում։
Քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկում են վերջ տալ սահմանամերձ շրջաններում ներկայումս ընթացող «հակասական ու խնդրահարույց» սահմանագծման և սահմանազատման հապշտապ գործընթացներին: Նրանց հայտարարությունում նշվում է, որ իրականացվող գործընթացը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերին և կարող է ունենալ աղետաբեր և անդառնալի երկարաժամկետ հետևանքներ։
Շեշտում են՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր պաշտոնական սահմանազատում և սահմանագծում երբևէ չի կատարվել, իսկ այդ ժամանակ միայն արհեստականորեն գծված ներքին վարչատարածքային սահմաններն էին, որոնք էլ իրենց հերթին տարիների ընթացքում բազմիցս փոփոխվել են: Եվ հենց այդ պատճառով էլ 44-օրյա պատերազմի ավարտից մինչ այժմ իրականացված սահմանազատման և սահմանագծման գործողությունները, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, անհրաժեշտ է համարել որպես ժամանակավոր իրավիճակային լուծում։ Ի թիվս այլ առաջարկների, քաղհասարակության ներկայացուցիչները կառավարությունից ակնկալում են արագացնել աշխարհազորի ստեղծումը, բացահայտել պատերազմի ընթացքում տեղի ունեցած արատավոր երևույթները։