Ոստիկանությունը ԱԱԾ-ի մոտ ակցիա իրականացնող 252 անձի նկատմամբ իրականացրել է վարչական ձերբակալում։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
«2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը’ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին, ուստի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: