Ucom-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներից կարող ենք ասել, որ սա Հայաստանի խոշորագույն կորպորատիվ վեճն է՝ առնվազն մասնակիցների քանակով ու ուղղություններով։ Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Ucom ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը։
«Ucom-ն ու «Վեոն Արմենիա»-ն բավական երկար ժամանակ բանակցել են, որպեսզի Ucom-ը ձեռքի բերի Beeline-ը։ Կողմերը արդեն եկել էին համաձայնության, ուսումնասիրվել էին տեխնիկական, ֆինանսական ցուցիչները, գնի շուրջ պայմանավորվածություններ կային, և կողմերը դիմել էին ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ գործարքի համաձայնություն ստանալու համար», – ասաց Օրբելյանը։
Փաստաբանը նշեց, որ դրանից հետո վարույթը կասեցվել է, քանի որ ուսումնասիրության կարիք է եղել․ սկսվել է կորպորատիվ վեճ. փոքր բաժնետերերը՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք նաև Ucom-ի հիմնադիրներն էին, որոշեցին դուրս գալ ընկերությունից ու ստեղծել իրենց նոր ընկերությունը՝ TEAM Telecom Armenia-ն ու նորից բանակցել «Վեոն Արմենիա»-ի հետ Beeline-ը ձեռք բերելու համար։
«Մի գործարք, որի մասին ամբողջ տեղեկատվությունը պատկանում էր Ucom ընկերությանը, ծախսերը վճարվել էին ու բանակցությունները մեկ տարի վարվել էին Ucom-ի կողմից, հանկարծ տեսնում ենք, որ մենեջմենթը դուրս է գալիս և ստեղծում է մի ընկերությունը, որը փորձում է ձեռք բերել այդ նույն գործարքը, եթե նայենք միջազգային փորձը, ապա առաջանում է կորպորատիվ հնարավորության գողանալու խնդիր»,- ասաց Օրբելյանը։
Օրբելյանի խոսքով՝ և՛ վարչական, և՛ քաղաքացիաիրավական, և՛ քրեական օրենսգրքերը հստակ սահմանումներ են տալիս այդ երևույթներին։
«Հիմա խնդիրն այն է, որ ՏՄՊՊՀ-ն քննարկում է «Վեոն Արմենիա»- TEAM Telecom Armenia համակենտրոնացումը թույլ տալու կամ չտալու հարցը, իսկ մենք դիմում ենք ներկայացրել Ucom-ի անունից, որով խնդրել ենք, որ մեզ մասնակից դարձնել, քանի որ մեր շահերին ուղղակիորեն առնչվող գործարք է և արգելել այս համակենտրոնացումը, որը, մեր գնահատմամբ, առնվազն կոնֆիդենցիալ հնարավորության խախտման արդյունքում է հնարավոր դարձել և ֆիդուցիալ պարտավորությունների խախտմամբ (ֆիդուցիալ պարտավորությունը ընկերության տնօրենների խորհրդի անդամի պարտավորությունն է՝ գործել ի շահ ընկերության և բացառել շահերի բախումը)»,- ասաց Օրբելյանը։
Փաստաբանը նշեց, որ այս պահի առկա է Ucom-ի դիմումը ՏՄՊՊՀ-ին, որպեսզի հարուցված վարույթի շրջանակներում մասնակից դարձնի ու մերժի, որպեսզի կարողանան դիրքորոշում հայտնել ի հավելումն նրա, ինչ ներկայացրել են։
Ըստ Օրբելյանի՝ կան դատական և իրավական պաշտպանության մի շարք գործիքներ, որոնք հիմա քննարկման փուլում են։
«Բացի այդ, Ucom ընկերությունն ունի նաև օտարերկրյա ներդրողներ, որոնք այս պահին դիտարկում են արտասահմանում իրավական պաշտպանության գործընթաց նախաձեռնելու հնարավորությունը: Վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին։ Ի հավելումն այդ որոշման՝ Հայաստանում իրավական պաշտպանության ինչ գործիքներ կկիրառե՞նք՝ կդիմենք դատարան, ՏՄՊՊՀ, քրեական հետապնդման մարմիններն։ Այդ որոշման մասին կտեղեկացնեք», – ասաց Արամ Օրբելյանը։