Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու նախաձեռնությունը, ըստ որի այն 55000-ից կբարձրանա մինչև 63000 դրամ:
Նշվում է, որ ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Հարկ է նշել, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաև Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին և սպառողական գների ինդեքսի աճին:
Այսպիսով, ստանալով 55000 դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը:
Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովում հաստատում ստանալուց հետո սահմանված ժամկետում: