Թուրքիայի Հանրապետության Պետխորհրդի (բարձրագույն վարչական դատարան) 10-րդ պալատում հուլիսի 2-ին Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) կարգավիճակի հարցով տեղի է ունեցել նիստ, սակայն կայացված որոշման մասին ոչինչ չի հրապարակվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Նիստը վարող դատավորը հայտնել է, որ Պետխորհուրդը որոշումը գրավոր կհրապարակի օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Այա Սոֆիա հռչակավոր տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու հարցը Թուրքիայի Պետխորհրդի օրակարգ էր բերել «Մնայուն հիմնադրամի պատմական ժառանգության ու շրջակա միջավայրի պահպանության միությունը»։ Միությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934 թ. որոշումը։
Եթե 15 օրվա ընթացքում հրապարակվելիք վճիռը հակաիրավական ճանաչի կառավարության 1934 թ. որոշումը, ապա այն չեղյալ կհայտարարվի, իսկ Սուրբ Սոֆիայի տաճարն էլ կվերածվի մզկիթի։
Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Այա Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Մոտ 5 դար էլ այն եղել է Օսմանյան կայսրության սկզբում գլխավոր, ապա գլխավոր մզկիթներից մեկը։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի՝ առ այսօր պահպանելով այդ կարգավիճակը։ Իշխող կուսակցությունը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերածելու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։