Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը հարված է Բրյուսելի սրտին և ապացույց է այն փաստի, որ աճող հակամարտությունն իր հետևանքներն է ունենում ամբողջ Եվրոպայում, գրում է Irish Times-ը։
«Դա բացատրվում է նրանով, որ վեճը, թեև տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, շոշափում է խոշոր ռազմական տերությունների շահերը, որոնք արդեն միմյանց դեմ պայքարում են ռազմական գործողությունների այլ թատերաբեմերում»,-գրում է հոդվածագիրը։
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան նույնպես շահագրգռված է հակամարտությամբ․ Ադրբեջանի հետ սերտ էթնիկ կապեր ունի, Հայաստանի հանդեպ՝ փոխադարձ հակակրանք» և Բաքվին առաջարկել է իր լիակատար աջակցությունը։
Անդրադառնալով Էրդողանի տարածաշրջանային հավակնություններին՝ հոդվածագիրը նշում է, որ «նրա վարած քաղաքականությունն արտացոլում է Էրդողանի ռեժիմի՝ Կիպրոսից մինչև Լիբիա և Սիրիա աճող ինքնավստահությունը, քանի որ նա մրցակիցների վրա ազդելու լծակներ է փնտրում և ուժեղացնում է ազդեցությունը տարածաշրջանում»։
Հոդվածագրի խոսքով՝ այս հակամարտությունում Թուրքիան և Ռուսաստանը գտնվում են պայքարի հակառակ կողմերում և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունն այն մասին, որ իրենց սահմաններին չեն հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը, փաստում է, որ Իրանը նույնպես կարող է ներքաշվել հակամարտության մեջ։
«Այս տարածաշրջանում բախում է հասունանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Տարիներ առաջ Ռուսաստանը Թուրքիային դուրս մղեց տարածաշրջանից։ Թուրքիան աշխարհաքաղաքականորեն իր կորցրած դերը վերականգնելու հնարավորություն է տեսնում»,- թերթը մեջբերում է տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքը՝ ընդգծելով, որ «հակամարտության մեջ ներգրավված յուրաքանչյուր տերություն կարող է իրեն հարկադրված զգալ միջամտել, որպեսզի պաշտպանի իր շահերը, և այդ համադրությունը կարելի է համեմատել դոմինոյի էֆեկտի հետ»։
Անդրադառնալով հակամարտության հարցում ԱՄՆ-ի վարած չեզոք քաղաքականությանը՝ հոդվածագիրը նշում է, որ այժմ բոլորի ուշադրությունը տեղափոխվել է Բրյուսել, տեսնելու՝ արդյո՞ք Եվրամիությունը պատրաստ է, կամ ի վիճակի է ազդեցություն ունենալ՝ անկայունության խորացումը կանխելու համար։