Հայկական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածել է Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն, որին միացել են ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից և տարբեր քաղաքական խմբերից: Հայտարարության եջ ասվում է.
«Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք.
1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսևորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին և տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից:
Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք և կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:
Այս կապակցությամբ, մենք՝
– ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը,
– դատապարտում ենք ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում,
– վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարևոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար,
– դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները և հրահրողները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել»,-նշված է հայտարարության մեջ: