Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյան աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։ Գրառուման մեջ նա նաև որոշ նկատառումներ է արել. ներկայացնում ենք ստորև.
«Հուսով եմ՝ անցած 13 ամիսների ընթացքում շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել եմ դրական փոփոխությունների իրականացմանը։ Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում անելիքներն անծայրածիր են, խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, իսկ արագ լուծումներ հաճախ ուղղակի չկան։
Կայուն դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք և պետք է պարտադիր նշել, որ շրջակա միջավայրի նախարարության և դրա ենթակա կառույցների բազմաթիվ մասնագետներ ջանք չեն խնայում արդյունքներ ապահովելու համար։
Համապատասխան արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծման արդյունքում նոր մասնագետների ներհոսքը՝ արդեն աշխատող նվիրյալների ջանքերի հետ միասին, թույլ կտա հասնել որակական փոփոխությունների։
Շատ անելիքներ կան նաև գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության խորացման առումով։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին։
Կարևոր է նաև հրատապ խնդիրների լուծմանը՝ «հրդեհների» մարմանը զուգահեռ ուժեր ներդնել միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների և ծրագրերի հնարավորին մասնակցային մշակման համար», – գրել է նախկին նախարարի տեղակալը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Էրիկ Գրիգորյանին՝ վստահության և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու իրեն ընձեռված հնարավորության համար։ Համատեղ աշխատանքի համար շնորհակալություններ Վարդան Մելիքյանից՝ նախարար
Ռոմանոս Պետրոսյանին, շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների, հասարակական, գիտական, կրթական և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների իր գործընկերներին և մեծ թվով կամավորներին։