ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 23։15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:
Ժամը 23։45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երիտասարդները Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ են՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք եղբայրներ են, իսկ Գ․ Մալաքյանը Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ: