Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում քննիչ հանձնաժողովը Կառավարությանն ուղղել է 251 հարցից բաղկացած հարցաշար: Այս մասին ԱԺ-ի Կորոնավիրուսի հանգամանքները քննող հանձաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հարցաշար է ուղարկվել Կառավարություն, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Կենտրոնական բանկ, Գլխավոր դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանին։
Խաչատրյանը տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտին վերաբերող հարցերը 164-ն են, տնտեսական հետևանքներին և ֆինանսական միջոցների օգտագործմանը վերաբերող հարցերը՝ 44, սոցիալական ոլորտինը՝ 49, ԿԳՄՍՆ-ինը՝ 6։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հարցերը վերաբերում են ամենատարբեր բնագավառների ու փուլերի՝ թեստավորումից մինչև հիվանդության տարածումը կանխարգելող աշխատանքներ։ Հարցաշարում ներառված է նաև դիահերձման վերաբերյալ խնդիրը, թե, օրինակ, ինչու չի արվել դիահերձում, կամ առանց դիահերձելու, ինչպես են հասկացել, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի հետևանքով։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ՝ պետական կառույցներին ուղղված հարցերը պետք է միտված լինեին որոշակի տեղեկությունների ստացմանը, սակայն, այս հարցաշարերի մեջ ավելի շատ գնահատականներ ու պնդումներ են։
Իշխանական պատգամավորի կարծիքով՝ արդյունավետ աշխատելու, ինչպես նաև կառավարությանը չծանրաբեռնելու նպատակով 251-ի փոխարեն կարող էր լինել ավելի հասցեական և կոնկրետ 51 հարց: Հանձնաժողովի նախագահը համաձայնվեց հնչեցրած կարծիքի հետ, բայց նշեց, որ հարցերում ավելի շատ խնդիրներ են բարձրացրել։
Պատգամավորը շեշտեց, որ խմբակցության դիրքորոշումը չի փոխվել։ Հիշեցրեց՝ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումն այս փուլում նպատակահարմար չէ, քանի դեռ աշխարհում հաղթահարված չէ կորոնավիրուսի համավարակը:
Արկադի Խաչատրյանն ասաց, որ այս հանձնաժողովը ընդդիմությանը չէ, և բոլորին խնդրեց արդյունավետ աշխատել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն հաստատել է խորհրդարանական քննչական հանձնաժողովի կազմը, որը կոչված է ուսումնասիրելու կառավարության կողմից ձեռնարկված միջոցները նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի բռնկման հետեւանքները մեղմացնելու կամ վերացնելու համար:
Հանձնաժողովը բաղկացած է 12 պատգամավորից՝ 7 պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից, 3 – ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 2 – ը՝ «Լուսավոր Հայաստանից»։