Ամանորյա՝ արդեն ավանդական դարձած նվերների փոխարեն Արցախյան որոշ արտադրողներ և անհատներ առաջարկում են հետաքրքիր ու յուրօրինակ նվերների տարբերակներ: Ներկայացնում ենք այդ առաջարկների մի մասը:
Եթե ցանկանում եք Ամանորին ձեր սիրելիին, մայրիկին կամ քրոջը նվիրել յուրահատուկ և տարբերվող նվեր, ապա կարող եք այցելել «Ղարաբաղ կարպետ». ընկերությունը գորգերից ու կարպետներից զատ արտադրում է չկրկնվող և որակյալ մետաքսյա շարֆեր, որոնք Արցախյան գորգերի զարդանախշերի և Հայոց այբուբենի թռչնազարդ տառերի գեղեցիկ համադրում են մետաքսի վրա: «Ղարաբաղ կարպետ»-ն առաջարկում է նաև հայկական նախշերով ձևավորված սեղանի սփռոցներ, ձեռագործ կարպետից պատրաստված տարբեր չափերի պայուսակներ:
Առողջարար սնունդ քարոզող «Հաթերք ֆուդ» ընկերությունն առաջարկում է ընկույզ, պնդուկ, նուշ, ծիրանի չիր, դդմի ու արևածաղկի սերմեր պարունակող մեղր, ինչպես նաև դոշաբ, օղի և այլ արտադրանքներ: Եթե ցանկանում եք ուրախացնել Ձեր մտերիմներին, նրանց զարմացնել նոր ու ինքնատիպ նվերով ու կյանքը մեղրի պես քաղցր դարձնել, ապա «Հաթերք ֆուդ»-ի ամանորյա հատուկ փաթեթավորմամբ արտադրանքը հենց Ձեզ համար է:
«Magic art», «Creativ» ընկերություններն էլ Ամանորի առիթով հատուկ ցուցահանդես-տոնավաճառ են կազմակերպում: Ցուցադրվում և վաճառվում են հիմնականում փայտից պատրաստված հուշանվերներ, Արցախյան բարբառով գրառումներով ամանորյա խաղալիքներ:
Ստեփանակերտում գտնվող «Միայն Արցախյան» ֆիրմային խանութ-սրահում էլ Արցախի փոքր ու միջին ձեռնարկությունները ներկայացնում են իրենց արտադրանքը՝ գորգեր, հագուստ, գինիներ, օղիներ, մուրաբաներ, պահածոներ, թեյեր և այլն, որոնք կարելի է ձեռք բերել անհամեմատ ցածր գներով: