ՀՀ քննչական կոմիտեն Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քննությամբ պարզվել է, որ երկու անձինք, օգտվելով պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության բնակիչների անօթևան մնալու և փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքից, ՀՀ կառավարության կողմից փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու, այդ նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով հափշտակել են տարբեր չափերի գումարներ:
Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից՝ վստահեցնելով ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ընկերոջ միջոցով Երևանում բնակարանների հատկացում կատարելու հնարավորությունների մասին և համապատասխան վճարումներ կատարելու, կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայականներ կազմելու, տրամադրելու պատրվակով նրանցից պահանջել 6 000 000, 3 000 000, 4 475 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար գումար։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությունը շարունակվում է: