ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 10.08.2020թ.-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում:
Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը:
Ուսումնասիրությունները վկայում են, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սևան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները: Արդյունքում՝ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.՝ խախտելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման նպատակները՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսոմնասիրությամբ պարզվել են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: