Սիրիայում, Լիբանանում և Իրաքում գործող ՀՀ դեսպանություններից և հյուպատոսական հիմնարկներից առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր հնարավոր կլինի ստանալ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախորդ որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ կառավարության նախորդ որոշման համաձայն, օրենքը գործում էր մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը, սակայն, հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակն ու շարունակվող լարվածությունը, անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել վերոնշյալ գործողության ժամկետը, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում բնակվող քաղաքացիները շարունակեն հնարավորություն ունենալ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ մեր դեսպանություններում ու հյուպատոսական հիմնարկներում:
«Նախագծով առաջարկվում է որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը»,- ասաց Ադոնցը: