Վարչապետի հրաժարականի պահանջն անհնար կլինի իրականացնել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականի փոխարեն իշխանությունն արտահերթ ընտրություն է առաջարկում։
Լենա Նազարյանը բացատրեց, թե ինչու են արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներ հրավիրել․ «Կան քաղաքացիներ, որոնք չեն ցանկանում, որ մենք լինենք կառավարող ուժ։ Պարտավոր ենք մարդկանց ընտրություն կատարելու հնարավորություն տալ։ Այդ իսկ պատճառով մենք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ ենք սկսում՝ 2021 թվականին արատահերթ խորհրդրանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Քաղաքական ուժերը պետք է գան համաձայնության՝ գտնելու այն ամենահարմար ժամանակահատվածը, երբ հնարավոր կլինի ընտրություն անել։ Դա կլինի այն ժամանակը, երբ գերիների վերադարձի և սահմանների ճշգրտման հարցերը լուծված կլինեն»,- նշել է նա։
Ըստ Լենա Նազարյանի՝ ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրությունների ճանապարհն ընտրել, քանի որ գիտակցում են՝ ազատ ընտրությունների միջոցով չեն կարող դառնալ կառավարող ուժ։ Եվ վարչապետի հրաժարականի պահանջի միջոցով ձգտում են իրագործել իշխանության զավթման իրենց ծրագիրն, ինչն, ԱԺ փոխնախագահի կարծիքով, անհնար է։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություն անելու առաջարկով է հանդես եկել։ 16 կուսակցությունները մերժում են արտահերթ ընտրություն անցկացնելու Փաշինյանի առաջարկը։