Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։
Լրագրողներից մեկը հարց է ուղղել նրան՝ նշելով, որ ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նա շեշտել է, որ օրվան ընդառաջ ԱՄՆ 100 օրենսդիրներ նամակ են հղել ԱՄՆ նախագահին, որում խնդրել են նրան կատարել իր նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հարցին՝ Բայդենը կկատարի՞ իր խոստումը, Ջեն Փսակին նշել է. «Հուսով եմ՝ շաբաթ օրը կկարողանանք ավելին ասել հիշատակի օրվա մասին»։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձեւ ընդունեց, որով հայերի կոտորածը ճանաչվում է որպես պաշտոնական ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց նմանատիպ բանաձև, որով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվեց որպես ցեղասպանություն:
Նշենք նաև, որ 1981 թ. ապրիլի 22-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր հայտարարության մեջ նշել է.«Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես Հոլոքոստին նախորդած Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած ցեղասպանությունը չպետք է մոռացվի»: Հետագա տարիներին ԱՄՆ նախագահները չեն օգտագործում «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը: Իր առաջին նախագահական խոսքում Բարաք Օբաման նույնպես խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, բայց հայերեն օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը: