«Ընդամենը օրեր առաջ պաշտպանության նախարար Վաղինակ Վառնազովիչը, անդրադառնալով սահմանային բախումներին, հայտարարում էր, որ այստեղ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի ու վիրավորների»,-այս մասին ԱԺ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա անդրադարձավ ՊՆ նախարար պաշտոնակատարի հայտարարություններին։ «Ես բերում եմ նրա ուղիղ խոսքը, որպեսզի ուսապարկային մանուֆակտուրան չասի, որ դա լկտի սուտ է։ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈւ-ն համարվեց ադրբեջանական դիրքեր, խորհրդարանական սլենգով ասած, Վաղարշակ Հարությունյանն ասում է «մարդիկ իրենց համար հով լռված են, և որևէ մեկին չեն խանգարում։ Իսկ երեկ արդեն մենք ունեցանք զոհ»,-նշեց Զոհրաբյանը։
«Սահմանային միջադեպերը շարունակվում են և, ցավոք սրտի, շարունակվելու են, քանի դեռ ունենք այսպիսի իշխանություն»,-նշեց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ շարունակում է լարված մնալ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։
ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։
Նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։