Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
«Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է»,- ասել է Այվազյանը:
«Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»,- ընդգծել է նախարարի ԺՊ-ն։