«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մեդիահոլդինգ հիմնել։ Զոհրաբյանն այդ տեղեկությունը չէր հերքել, սակայն մանրամասներ չէր ասել։ Մեզ հետ զրույցում երեկ նա հայտնեց, որ գրանցել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրությունը լայն հնարավորություն է տալիս՝ ստեղծելու մեդիահոլդինգ։ «Առաջիկայում ես շատ ավելի մանրամասն այդ ամենի մասին կխոսեմ իմ համակիրների հետ միասին։ Լինելու եմ քաղաքական առաջնագծում»,- ասաց նա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, եւ կառավարության ձեւավորումից հետո այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել, որ Մհեր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ եւ ՀՀ սահմանային ու անվտանգային հարցերով հենց նա է զբաղվելու: Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Գրիգորյանն էլ առանձնապես ցանկություն չի ունեցել գնալ ԱԳ նախարար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Ըստ մեր աղբյուրի, արդյունքում որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հայտնի եւ ոչ այնքան հեղինակավոր։ Մեզ ասացին, որ ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի եւ Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը, որը ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, Չեխիայում եւ Սլովակիայում մեր դեսպանն էր, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։ Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր մերձբալթյան երկրներում, սակայն մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել եւ կադրերի ռեզերվում է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրավապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկերում լինելու եւ անհասկանալի գործունեություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլեւ ԱԱԾ-ն:
Պատերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ ոչ, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանից: Թադեւոսյանի խոսքով՝ Աննա Հակոբյանի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել, իսկ ահա ինչ վերաբերվում է Հակոբյանի բունկերային արկածներին, ապա մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ ամենի վերաբերյալ Քննչական կոմիտեում անգամ նման խոսակցություններ չկան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից օրերս ազատված Հայկ Գրիգորյանը, ըստ ամենայնի, զինդատախազ կնշանակվի: Սա պաշտոնի իջեցում է համարվում, եւ նա, առաջարկը ստանալով, սկզբում չի համաձայնել, սակայն համոզել են, ինչպես ժամանակին համոզեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ ստանձնել ատոմակայանի տնօրենի պաշտոնը։ Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում, որ «թշնամիների» ճամբարը չհամալրեն: Իսկ ՔԿ արդեն նախկին պետը կարող էր շատ բան ավելացնել Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի պատմածներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանությունը նպատակ է դրել խստացնել խորհրդարանում մուտքն ու ելքը, ինչպես նաեւ պատգամավորների անվտանգությունը: Տեղեկացանք, որ իշխանությունները որոշել են Պետական պահպանության ծառայության միջոցով վերահսկել բոլոր այն անձանց մուտքը, որոնք իրավունք կունենան խորհրդարան մտնել»: