ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստին առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթին։
Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով ու փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայութան պարագայում:
Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական և գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը:
Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է նաև ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ: