Կառավարությունն ընդունեց նախագիծ, որով կհստակեցնի ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում հոսպիտալացման կամ մեկուսացման կիրառման դրույթը, միաժամանակ համապատասխան կարգավորում է նախատեսվում, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ ժամանած անձանց կողմից կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը ներկայացվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց․ «Մենք վերանայել ենք սահմանափակումների շրջանակը, քանի որ դրանք ինքնանպատակ չեն և ուղղված են՝ կանխարգելելու վարակի տարածելիությունը։ Ըստ այդմ՝ ներդնելով պատվաստումային գործընթացը, դրան զուգընթաց փորձում ենք թեթևացնել կարանտինի մասին որոշման կետերը։ Սույն նախագծով այն օտարերկրացիները, որոնք կունենան պատվաստման անձնագիր, այսինքն՝ արդեն ստացած կլինեն երկու դեղաչափ, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեսթի կարիք չեն ունենա»։
Նա նշեց, որ պետք է ուշադիր լինել այլ երկրների քաղաքականության հնարավոր փոփոխություններին՝ հասկանալու նաև, թե մեր երկրից մեկնելու դեպքում տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ փորձել են հստակեցնել թեստի արդյունք չունեցող և հրաժարվող քաղաքացիների մեկուսացման և հոսպիտալացման կարգերը․ «Եթե անձը չունի որևէ սիմպտոմ, հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնել և չունի պատվաստման հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմ։
Արձագանքելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կորոնավիուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս։ Ըստ էության, կրկին կարող ենք արձանագրել, որ մենք բավականին լավ ենք կառավարել և բավականին լավ ենք կառավարում կորոնավիրուսի համավարակը»։
Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ երեկվա դրությամբ արդեն 7100 պատվաստված քաղաքացի կա։
Մանրամասները՝ տեսանյութում․