Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Ըստ վարչապետի՝ անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են և այսօր Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա:
«Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել»,-նշել է նա:
Վարչապետը նշել է, որ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել՝ կապված Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ: «Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»,-ընդգծել է նա:
Վարչապետն անդրադարձել է նաև գերիների հարցին։ «Շատ կարևոր է նաև գերիների փոխանակման գործընթացը և այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ: Կցանկանայի նաև Անվտանգության խորհրդին և մեր խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը և առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ ունենք այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար և ինչպիսի վստահություն կա, որ մենք այդ խնդիրները կկարողանանք հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել»,-նշել է նա:
Վարչապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում առկա տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ «Ուզում եմ շեշտել, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև մեր ընդդիմադիր գործընկերներին և ասեմ, որ վաղ առավոտից նաև ընդդիմոթյան ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր և այս կապակցությամբ պետք է շատ կոնկրոտ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ»,-նշել է նա:
Ընդհանուր առմանբ, ըստ վարչապետի, իրավիճակը կառավարելի է, խուճապի մատնվելու կարիք չկա։
«Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»,-եզրափակել է վարչապետը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: