Դեկտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցեր:
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում է մանրամասն ուսումնասիրել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված խնդիրները: Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազագույնի հասցնելու, երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա»,-ասաց Զախարովան:
Նրա խոսքերով՝ ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին, որով Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով: Տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն արգելափակված են: