ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացված խորհրդակցությամբ ամփոփվել են 2020 թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքներին, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020թ. ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի ավելի է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ:
Հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցված ագրեսիվ պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը, կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 3016 հանցագործությունների 55%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր:
2020 թ. նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ:
Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ. ընթացքում ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ:
ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազների դատավարական հսկողության ներքո քննված, ինչպես նաև ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են 221.560.950 դրամի վնասի պատճառման փաստեր, որը ավելի քան 30%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61.314.695ՀՀ դրամ վնասը:
Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է շուրջ 1,3մլրդ ՀՀ դրամ: Եվս 111 մլն ՀՀ դրամ վերականգնվել է նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից: