Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։
Համաներումը, սակայն, չի կիրառվելու սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:
Հավելենք, որ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալ հայրենիք, սեփական ավանդը ներդնել երկրի զարգացման համար:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ համաներման հնարավոր շահառուների շրջանակն ընդլայնվելու է՝ ծառայությունից խուսափած անձանց համար համաներում առաջարկող օրինագծում նախատեսվող փոփոխությամբ: