Պետությունը պետք է երեխայի համար ստեղծի բարձր արժեքներ ապահովվող կրթության պայմաններ: Այս մասին ընդգծել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, որն այսօր ընդունել է
«ՔՈԱՖ» բարեգործական հիմնադրամի Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի «Բանավեճի ծրագրի» աշակերտներին:
ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:
Գիրք նվիրելու օրը ՄԻՊ-ը կարևորել է երեխաների կրթությունն ու հորդորել, որպեսզի երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, և որ մանկավարժները խրախուսեն գիրք կարդալը: Արման Թաթոյանը նշել է, որ բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող քաղաքացին է վաղվա ապագան: Մարդու իրավունքների պաշտպանին երեխաներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին: