Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․
«Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առհասարակ առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ:
Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել էր ծանուցագիր, որից պարզ էր դարձել, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Ընդդիմության վարչապետի թեկնածուն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ու այն համարում է քաղաքական հետապնդում։