Բելառուսում զանգվածային ակցիաներ են սկսվել նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որտեղ հաղթել է հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Ոստիկանությունը ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և լուսաձայնային նռնակներով, բերման է ենթարկվել ավելի քան 2 հազար ակտիվիստ: Վեցերորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորող երկրների թվում է նաև Հայաստանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից է շնորհավորական ուղերձ հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել․ փորձագետների մի մասը այն որակում է որպես շտապողականություն, անընդունելի քայլ։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է Բելառուսում, դա Բելառուսի ժողովրդի հարցն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է իր գործողություններում կաշկանդված լինի այս կամ այն քաղաքական գործչի կարծիքով։
«Առաջինն՝ այն, ինչ կատարվում է Բելառուսում, դա առաջին հերթին Բելառուսի ժողովրդի հարցն է։ Բելառուսի ժողովուրդը կորոշի՝ ինչ պետություն կունենա, ով ղեկավար կլինի, և ինչ ճանապարհով նրանք կշարժվեն, ինչ բարեփոխումներ կամ զարգացումներ կանեն․ դա միանշանակ է, և չեմ կարծում, որ այս հայտարարությունը կվիճարկի որևէ մեկը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, թե՛ աշխարհում։
Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, որոնք ուղղվում են Լուկաշենկոյին վերընտրվելու հետ կապված՝ տարբեր երկրներ այս կամ այն ձևով շնորհավորում են»,- նկատեց Իգիթյանը։
Պատգամավորն անլուրջ համարեց մեկնաբանել ՀՀ վարչապետի շնորհավորանքի հետ կապված քննարկումները։ Նրա կարծիքով՝ այն քաղաքական ուժերը կամ գործիչները, մարդիկ, որոնք ընդհանրապես դժգոհ են այն ամենից, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ իրենց դժգոհությունն էին հայտնելու։
«Ինչ էլ աներ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորեր առաջին օրը, տասներորդ օրը կամ չշնորհավորեր, նշված մարդիկ իրենց դժգոհությունը կհայտնեին։ Չեմ կարծում, որ այս դիվանագիտական, քաղաքական դժվար իրավիճակում մեր կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը պետք է իր գործողություններն անի՝ մտածելով, թե իր մասին այս կամ այն քաղաքական գործիչն ինչ է ասել»։
Բելառուսում ստեղծված իրավիճակի և Մարտի 1-ի միջև զուգահեռներ տանելն Հովհաննես Իգիթյանն առնվազն անհեթեթություն համարեց։
«Այն մարդիկ, որոնք զուգահեռներ են տանում Բելառուսում կատարվածի և Մարտի 1-ի միջև նշանակում է՝ այդ մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է եղել Մարտի 1-ին, որովհետև այստեղ զուգահեռներ տանելն առնվազն անհեթեթություն է»,- եզրափակեց նա։
Նարե Հարությունյան