ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը օրերս երկու հայազգի պաշտոնյայի է նշանակել իր վարչակազմում: Նախ Սպիտակ տան Տարածաշրջանային հաղորդակցության վարչությունում պաշտոն ստացավ լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը, ապա Կլիմայի և գիտության հարցերով գործակալության անձնակազմում նախագահի հատուկ օգնական նշանակվեց Ջեֆ Մարությանը, որը Բայդենի քաղաքական թիմից չէ։
Համացանցը թնդաց այդ երկու լուրերից։ Տպավորություն էր, որ մեր հանրությունն այդ երիտասարդ պաշտոնյաների նշանակման հետ կապում է հայ-ամերիկյան բոլոր չլուծված խնդիրների լուծումը։
Ինչպե՞ս հասկանալ Բայդենի նշանակումը, սա մեյսի՞ջ է, թե՞ պարզապես երիտասարդներն են խոստումնալից։ Այս հարցերի մասին Armenia Today-ը զրուցեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Վերջինս կարծում է, որ հայազգի երիտասարդներն ԱՄՆ քաղաքացիներ են ու պարզապես լավ մասնագետներ։ Որևէ մեյսիջ չկա այդ նշանակումների մեջ։
«Ստեղծված ոգևորությունն իզուր էր։ Եթե մենք կարողանանք աշխատել նոր վարչակազմի հետ, դա՛ կլինի ոգևորություն։ Եթե ամբողջ վարչակազմը ծագումով հայ լինի և մենք չկարողանանք ադեկվատ աշխատել այդ վարչակազմի հետ, դա մեզ ոչինչ չի տալու»։
Սարգսյանը կարծում է, սակայն, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանալու ճիշտ աշխատել Սպիտակ տան հետ, քանի որ վերջին 2,5-3 տարիների ընթացքում որևէ լուրջ բան այդ ուղղությամբ չի եղել։
«Ես կարծում եմ, որ այստեղ կարող է նաև միտում լինել, քանի որ ամերիկյան ուղղությունը հետաքրքիր չէ իշխանություններին։ Որևէ լուրջ աշխատանք չի տարվել, որևէ ծրագիր չի իրականացվել։ Դրա համար էլ կարծում եմ, որ նոր վարչակազմի դեպքում էլ նույն բանն է սպասվում»,- ասաց միջազգայնագետը։
Արաքսյա Սնխչյան