ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան լայվի միջոցով հերթական զրույցն ունեցավ ժողովրդի հետ։ Նա անդրադարձավ ոչ միայն հետպատերազմյան իրավիճակին, այլ նաև «շրջանառության մեջ դրված» մի շարք ստահոդ լուրերի։
«Այս ընթացքում ստահոդ լուրեր են տարածում ընտանիքիս մասին․ ասում են՝ իբրև, ընտանիքիս անդամները լքել են երկիրը։ Վերջին ամիսներին, հատկապես, պատերազմի առաջին օրից մինչ այժմ իմ ընտանիքի որևէ անդամ երկրից դուրս չի եկել և չի էլ պատրաստվում դուրս գալ։
Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել իմ ընտանիքի արտերկրում ունեցած առանձնատների մասին խոսակցությունը, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք։
Մինչդեռ, պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին տիրապետում է իմ ընտանիքը, դա Շենգավիթ վարչական շրջանում գտնվող, բոլորիդ հայտնի բնակարանն է։
Լուրեր են դրվում շրջանառության մեջ մեր ընտանիքի, իբր, հարստությունների մասին։ Մինչդեռ, պիտի իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից, մենք այլ միջոցների չենք տիրապետում»,-հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ վերջին շրջանում հաճախ են շրջանառվում լուրեր այն մասին, թե, իբրև, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը նրա պաշտոնավարման ընթացքում հարստություն է ձեռք բերել։