Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Քարահունջ համայնք:
Նախագահ Արմեն Սարգսյանը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։
Համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և համայնքի բնակիչների հանդիպումը։
Արմեն Սարգսյանն անդրադարձել է Սահմանադրության շրջանակներում նախագահի լիազորություններին և նշել է, որ անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։
«Անկախ նրանից՝ ինչքան իրավասություն ունես, եթե լավ ես անում՝ լավ է, եթե վատ ես անում՝ վատ է։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ։ Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս»,- ասել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահի խոսքով՝ Սահմանադրության սահմաններում աշխատելով՝ բավականին բան կարող ես անել։ Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին։
Հայաստանի ապագայի մասին հարցին ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցրել է, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի. «Նայեք այս երեխաներին, և ամեն ինչ պարզ կլինի։ Մեր պարտականությունն է նրանց համար հնարավորություններ ստեղծել»։