«Հրապարակ» թերթ
«Փաստորեն, հրաշքներ լինում են». ի՞նչ փոխվեց մեկ գիշերում. Պատգամավորներից ոմանք գիշերը չեն քնել
«Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես Փաշինյանը կասեր, խորհրդարանական մաստեր-կլաս ցույց տվեց՝ դրսևորելով աննախադեպ «սկզբունքայնություն»։ Մեկ օր առաջ և տևական ժամանակ հուժկու քննադատում էին նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի առաջադրումը, բայց ամենաշատ՝ 86 կողմ ձայնով նրան գործուղեցին ՍԴ։ 1 տարի առաջ Վաղարշյանին մերժած հեղափոխականները նրա թեկնածության քննարկման ժամանակ մուննաթ էին գալիս նախագահականի ներկայացուցչի վրա, թե ինչու են մերժված թեկնածուին կրկին առաջադրել, ինչու են անարգում խորհրդարանական ինստիտուտը։
Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում, ինչո՞ւ իմքայլականները գրեթե միաձայն ընտրեցին Վաղարշյանին։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուների վերաբերյալ եզրակացություններն էին պատճառը»,- ասաց մեր աղբյուրը։
«Ո՞նց կլիներ՝ խայտառակված Խունդկարյանին ընտրեինք, իսկ Վաղարշյանին, ում բարեվարքության վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել, մերժեինք։ Արդար չէր լինի»։ Երեկ ուշ երեկոյան «վերևներից» ստացած զանգից հետո խմբակցությունն ընդհանուր «զրուցարանում» Վաղարշյանի օգտին քվեարկելու մասին քննարկումներ է ծավալել, ապա որոշել առավոտ շուտ խմբակցության նիստ հրավիրել։
Նիստի ընթացքում չնայած մի քանիսը դեմ են արտահայտվել, սակայն պարզել են, որ ոմանք անչափ «տպավորվել» են թեկնածուի անկեղծությամբ, ամբողջ գիշեր չեն քնել նրան մերժելու մտքից։ Դեմ են եղել նրանք, ովքեր քննարկման ժամանակ քննադատական հարցադրումներ են ներկայացրել։ Ինքը՝ Վաղարշյանը, քվեարկությունից հետո մեզ հետ զրույցում անակնկալի եկած՝ խոստովանեց․ «Փաստորեն, հրաշքներ լինում են»։ Իսկ թե ինչ է ինքն անձամբ արել այդ ուղղությամբ, վստահեցրեց․ «Ոչինչ, պատգամավորներին պիտի հարցնեք՝ ինչու՞ մտքափոխվեցին»։
ԲՀԿ-ի դեմ օղակը սեղմվում է. ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք «երգել» են Ծառուկյանի դեմ
«Իշխանությունն առաջիկայում ԲՀԿ-ի շուրջ օղակն էլ ավելի կսեղմի, կհարուցվեն քրեական նոր գործեր՝ ոչ միայն գործարար խավի ներկայացուցիչների, այլև քաղաքական դեմքերի դեմ։
Մեզ պատմեցին, որ գործ «կարելու» հարցում իշխանություններն ակտիվ «որոնողական» աշխատանքներ են տանում, գտնում են նախկին ԲՀԿ-ականների, ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ից նեղացածների, կուսակցությունից հեռացածների և համատեղ «աշխատելու» առաջարկ անում։
Նաիրա Զոհրաբյանի դեմ, օրինակ, նյութեր են հավաքում ԲՀԿ-ից վերջերս դուրս եկած Սերգեյ Բագրատյանի միջոցով։ Խորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ թե՛ Բագրատյանը, թե՛ Զոհրաբյանը ընտրվել են նույն ընտրատարածքից․ պատմում են, որ Բագրատյանին հանձնարարել են մարդկանց գտնել, որոնք Զոհրաբյանի դեմ ցուցմունք կտան։
Տեղեկությունը Բագրատյանից ճշտել չհաջողվեց, նա տևական ժամանակ ընդհատակ է անցել, խորհրդարանի նիստերին էլ չի հաճախում։ Իմացանք նաև, որ վերջերս կալանավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք նույնպես «երգել» են Ծառուկյանի դեմ, և հիմա նրանց «երգը» նոր գործիքավորում է ստանում՝ քրգործի տեսքով»:
Երևանի քաղաքապետարանը հանրակրթության վարչության պետի նոր ԺՊ ունի. ով է նա
«Երևանի քաղաքապետի կարգադրությամբ՝ դասախոս Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա մի վարչություն է, որն աշխատում է մանկապարտեզների, դպրոցների հետ, սակայն, ինչպես նորանշանակ ԺՊ-ի տվյալներից հասկացանք, նա որևէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ, երբևէ դպրոցում չի աշխատել, հանրակրթության և նախակրթարանների հետ գործ չի ունեցել։
Նորանշանակը սոցիալական կառավարման մասնագետ է, ՖԲ-ում բիզնես վարելու «դասեր է տալիս», սովորեցնում, թե ինչպես գրանտ գրել։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը»:
Ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործ կարող է հարուցվել, որի «հերոսը» Խաչատուրովը կլինի
«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի մեկամյա գործունեության արդյունքները կամ ուսումնասիրությունների եզրակացությունը, և, ինչպես հանձնաժողովի իշխանական անդամները չեն բացառում, դրանից հետո կարող է քրեական գործ հարուցվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, քրգործի առանցքային «հերոսը» կլինի 2016 թվականի պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։
Հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում պարզել է, որ քառօրյա պատերազմի հրադադարի համար Մոսկվա մեկնած Խաչատուրովի պայմանավորվածությունների մասին որևէ գրավոր փաստաթուղթ, արձանագրություն կամ պայմանավորվածության մասին հավաստող որևէ փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ, ենթադրվում է, նա պետք է զեկուցեր գերագույն գլխավոր հրամանատարին, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է հրադադարը կնքվել, սակայն զեկույցի մասին որևէ պաշտոնական արձանագրություն որևէ արխիվում գոյություն չունի։
Հարց է առաջանում․ ինչի՞ շուրջ և ո՞ւմ հետ է Խաչատուրովը պայմանավորվել։ Սա էլ լինելու է հանձնաժողովի գլխավոր «եզրահանգում-բացահայտումը»։
«Ժամանակ» թերթ
Օրենսդիրից՝ գործադիր. Վարազդատ Կարապետյանը ևս պաշտոն կստանա գործադիրում
«ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ևս պաշտոն կստանա գործադիրում:
Պատգամավորներին գործադիր տեղափոխելը ամենևին չի կարելի առաջխաղացում կամ իշխանական հիերարխիայի մեջ ավելի բարձր դիրք զբաղեցնել համարել, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ պատգամավորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իսկ գործադիրում պաշտոնյայի կարիերան կարող է ընդհատվել ամեն պահի»:
«Ժողովուրդ» թերթ
Ֆինանսական նոր բեռ․ նույնականացման քարտից հրաժարավող քաղաքացիները պետական տուրք կվճարեն
«Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաև նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան:
Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ՝ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է:
Մյուս կողմից՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին գումար է վճարում: Ստացվում է՝ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար»:
«Իմ քայլը» կամուկացի մեջ է․ հարմարվել կրթական համակարգի խայտառակ վիճակին, թե դեմ գնալ դրան ու դավաճանել թիմին
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ևս խորհրդարանում թեժ օր է սպասվում: Բանն այն է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանի ամբիոնից անվստահություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանի պատերից այն կողմ իրականացնել բողոքի ակցիա` ընդդեմ նախարարի:
Ու այս իրավիճակից չգիտի, թե ինչպես պետք է դուրս գա ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ ամեն գնով պետք է պաշտպանեն Հարությունյանին, ավելին՝ դեմ քվեարկեն նրա անվստահության վերաբերյալ հարցին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում իմքայլականները հայտարարում էին, որ շատ տհաճ իրավիճակում են հայտնվել, քանի որ դեմ քվեարկել կնշանակի, որ իրենք հարմարվում են այն խայտառակ իրավիճակի հետ, որն առկա է կրթական համակարգում, մյուս կողմից էլ՝ կդառնան «դավաճան»՝ դեմ գնալով իրենց թիմի որոշումներին:
Իսկ որոշումն այն է, որ այս պահին պետք է սատարել Արայիկ Հարությունյանին, իսկ երբ արդեն քաղաքական իշխանությունները կորոշեն նրան պաշտոնանկ անել, դա արդեն կլինի իրենց թիմի որոշելիքը: Այլ կերպ ասած՝ իշխանական ֆրակցիան ստիպված կլինի ևս մեկ անգամ զոհողությունների գնալ՝ հանուն իշխանությունների որոշման, ինչպես դա արվեց Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ժամանակ. ստիպված քվեարկություն` հանուն թիմի»,-գրում է թերթը:
«Փաստ» թերթ
Ինչո՞ւ էին դեմ քննիչ հանձնաժողով ստեղծելուն. բավական անհանգիստ են ու լարված «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության և պարետատան գործողություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Այս հանձնաժողովը ձևավորվել է պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ։ Սույն հանգամանքը բավականին բուռն արձագանք ստացավ իշխանական պատգամավորների կողմից, որոնք հնարավոր բոլոր տարբերակներով փորձեցին թիրախավորել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը, այդ թվում՝ արդեն սովորական դարձած հեգնանքի միջոցով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները դեռևս մայիսից, երբ ընդդիմությունը սկսել էր այս հանձնաժողովը ձևավորելու գաղափարը կյանքի կոչել, բավական անհանգիստ են ու լարված, քանի որ, ըստ տարբեր փորձագետների գնահատականների, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ համավարակի դեմ պայքարում հարթ և օրենքի տառին համապատասխան է արված, և այդ գործընթացում, ըստ էության, առկա են զգալի խնդիրներ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց նման խնդիրների պատճառով է, որ իշխանության ներկայացուցիչները քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցում վերապահումներ ունեին և քննադատական մոտեցում էին ցուցաբերում։
Ինչպես ցույց տվեցին քննարկումները, քանզի հանձնաժողովն արդեն ստեղծված է, իշխանությունները փորձելու են կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա, թե իբր նրանք «խանգարել են» և անլուրջ վերաբերմունք են ձևավորել հանրության մեջ:
Պատահական չէր, որ ընդդիմադիրներն էլ երեկ հիշեցնում էին իշխանությունների հակասական հայտարարությունները, վիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը և այլն»: