1․ Պատերազմի ժամանակ որևէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:
Ըստ թերթի՝ նախագծով առաջարկում են բացառություն սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու համար: «Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում»,-հայտնում է թերթը:
Ըստ թերթի՝ բանն այն է, որ առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը և վարկային կազմակերպությունը, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում կատարողական ծախսերը գանձվում են հարկադիր կատարողի կողմից, և ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ:
2․ Փաշինյանի նոր մտադրությունը. Հայաստանը կունենա և՛ ներքին գործերի նախարար, և՛ ոստիկանապետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերականգնել ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախագծի՝ ոստիկանությունը, որպես առանձին կառույց, կլինի վարչապետին կից, իսկ ՆԳՆ-ն կլինի կառավարության կազմում։ Նախարարությանը կենթարկվեն ՀՀ ոստիկանությունը, նոր ստեղծվելիք ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։
«Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, նշանակելու և ազատելու է վարչապետը՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ։
Ոստիկանապետին և նրա տեղակալներին, ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, որին նախորդելու է ՆԳ նախարարի միջնորդությունը։ ․․․Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- ըստ թերթի՝ նշված է նախագծում։
3․ Փաշինյանի «Պլան Ա»-ն՝ մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իշխող թիմը վերջին շաբաթներին թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին։ Ըստ թերթի՝ դրանով են զբաղված բնապահպանության և տարածքային կառավարման նախարարներ Ռոմանոս Պետրոսյանն ու Սուրեն Պապիկյանը, Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Սկսել են այցելել կուսակցության մարզային կառույցներ, մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստումներ են տալիս, ոմանց՝ տեղավորում, ուժեղացնում են կուսակցական կառույցները։
«Խոսում են, որ Փաշինյանը պլանավորում է մայիսին արտահերթ անցկացնել։ Սակայն չի բացառվում, որ առհասարակ հրաժարվեն այդ մտքից, եթե ԱԺ ընդդիմության հետ լեզու չգտնեն, և պահպանվի ԱԺ-ում վարչապետի նոր թեկնածու առաջադրելու վտանգը, ինչպես նաև մարդիկ փողոց դուրս չգան՝ հաշտվելով իրենց գոյության հետ։ Այդ պարագայում կգնան հերթական ընտրության»,-գրում է թերթը։
4․ Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. «Հրապարակ»
Թերթը գրում է, որ, հոկտեմբերի 30-ին Փաշինյանը 10 մարզում նոր փոխմարզպետներ նշանակեց՝ նախկին ռազմական գործիչներ, ազատամարտիկներ։ Դա պայմանավորված էր «Աշխարհազորի մասին» օրենքի ընդունմամբ և ՏԻՄ-երի մասին օրենքում փոփոխություններով, որով յուրաքանչյուր մարզում ձևավորվելու էր աշխարհազոր, որի հրամանատարը պետք է դառնար փոխմարզպետը։
«Այդ ջոկատները չհասցրեցին ձևավորվել, պատերազմը 3 ամիս է՝ ավարտվել է, սակայն բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կադրային «ռակիրովկաներ» է անում և պետական համակարգի «ռեսթարտից» է խոսում»,-գրել է օրաթերթը:
5․ Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ առաջարկելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անել և ԱԺ նախագահին լիազորել՝ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչև 1 տարով»:
«ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաև այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Ուշագրավ լրացումներից մեկն էլ այն է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որևէ դիմումի, այլև «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը»,-հայտնել է օրաթերթը: