Ընդդիմությունը քննարկում է գործողությունների նոր մարտավարությունը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համաժողովրդական է, սակայն մենք այս ընթացքում չկարողացանք այդ պահանջը վերածել համաժողովրդական պայքարի։ Անշուշտ, մենք ունենք նոր մարտավարության խնդիր և ակտիվորեն քննարկում ենք մեր աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու հարցը»,- նշել է Սաղաթելյանը:
ՀՅԴ ներկայացուցիչը նաև նշել է ընդդիմության հաջորդ խոշոր հանրահավաքի ենթադրյալ օրը։ «Ենթադրվում է, որ հաջորդ խոշոր հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 18-ին, սակայն դա նախնական է»,- ասել է նա։
Իշխան Սաղաթելյանը մեկնաբանել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իշխանությունների նախաձեռնությունը: Սաղաթելյանի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն են լինելու»։
«Հիմա նա պետք է կեղծի, վերարտադրվի, որպեսզի չկանգնի դատարանի առաջ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։
Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է ավելի քան մեկ տասնյակ ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։