ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ ասել է․ «Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, որի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումները»։
Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք համատեղ հասցեագրում են` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման:
«Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը»,- կարևորել է նա։
Այվազյանը նաև ասել է, որ Լավրովի այցի շրջանակներում իրենք սկսել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու են քննարկումները օրվա ընթացքում
ԱԳՆ պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ իրենք կարծիքներ կփոխանակեն հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով՝ կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Երևանում։