Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մտադիր է մասնակցել հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղար Գեղամ Գալստյանը։ Նա հայտնեց, որ Կոմկուսն առանձին է մասնակցելու ընտրություններին, որևէ քաղաքական ուժի հետ դաշինք չի կազմելու։
Թեև Կոմկուսն ապագա խորհրդարանում հայտնվելու ցանկություն ունի, բայց համոզված է՝ գործող իշխանությունն է վերընտրվելու։
Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, պետք է քաղաքական նոր ուժ ընտրի` նոր դեմքերով և նոր ասելիքով։
«Այդ 17 ընկերները, որոնք եկան և պայքարի տարբեր ձևերով փորձում էին իշխանության գալ, սխալ ձև են ընտրել։ Այդպես չի լինում։ Ժողովուրդն ընտրում է պետության այնպիսի ղեկավարների, որոնք անցել են ճանապարհ, կարող ուժ են։ Պատահական մարդը պետություն չի կարող ղեկավարել։ 30 տարի խաբկանքով են զբաղվել»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։
Կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղարը նշեց, որ չի կիսում այն կարծիքները, որ իշխանությունը հասարակությանը սևերի և սպիտակների է բաժանել։
«Այդ գունազարդումները հորինված առասպելներ են։ Ես չեմ հավատում, որ կարող է սև ու սպիտակ ասեն։ Աշխարհին նոր սերնդի պրիզմայով պետք է նայել»,- նկատեց նա։
Կոմունիստի համոզմամբ՝ չի կարելի երկրի ղեկավարներին «կապիտուլյանտ» անվանել։ Նկատում է՝ եթե ուզում ենք հասկանալ «կապիտուլյանտ» բառի իմաստը, պետք է խորապես ուսումնասիրել, թե այս 30 տարիների ընթացքում ինչո՞ւ կանոնավոր բանակ չենք ունեցել, ինչո՞ւ պարտվեցինք Արցախյան 44-օրյա պատերազմում։
Մանրամասները՝ տեսանյութում․