ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում երկրի սահմաններն ամրապնդելու համար, առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին տիրող ճգնաժամը:
«Ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրապնդելու համար: Եթե ունեք սահման, ապա այն պետք է պաշտպանի մեր Զինված Ուժերը: Դա անելու համար հարկավոր է հասկանալ, թե որտեղ են մեր դիրքերը: Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք է հնարավորություն տրվեր համապատասխան խտությամբ զորքեր տեղակայել այս սահմանին»,- ասաց Քոչարյանը:
«Կարծում եմ, որ մեզանից առաջին հերթին կպահանջվի սահմանազատել մեր սահմանները և ստիպել ճանաչել այդ սահմանները: Նրանք անընդհատ կստիպեն ինչ-որ բան ստորագրել: Նրանք ծնկաչոք մարդիկ են, և ես համոզված եմ, որ դիմադրություն չի լինի», – ասաց նա:
Քոչարյանը մեկնաբանել է նաեւ ՀԱՊԿ-ին հայկական կողմի դիմումը: «Դուք ձեր դիրքերը տեղակայել եք խորքերում, Ադրբեջանը առաջ է եկել, և դուք բղավում եք ամբողջ աշխարհին, թե ինչպե՞ս պատահեց, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլորն ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ անդամ չէ, քան Հայաստանի հետ»,- ասաց երկրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները չեն պաշտպանում երկրի սահմանները, նրանք դիմում են ՀԱՊԿ-ին եւ դա ժողովրդին ներկայացնում որպես հերոսություն:
«Պետության հիմնական գործառույթներից մեկը՝ անվտանգության ապահովումը, պարզապես վերածվում է ծաղրի», – ասաց նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են:
Բանակցությունները դեռևս անարդյունք են: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի զինվորականների ներխուժումը որակել է որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: