«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Լոռու մարզում: Այս մասին հայտնել են «Պատիվ ունեմ» դաշինքից։
Ցուցակը գլխավորող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների ուղեկցությամբ համատեղ հանդիպումներ են ունեցել մարզի բնակավայրերում:
Հանդիպումների շարքը մեկնարկել է Վանաձորից: Լոռեցիների հետ շփումների ժամանակ նրանք ներկայացրել են «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրը։ Խոսել են ճգնաժամում գտնվող և բազում մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար այս ծանր իրավիճակում պարտադրված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՝ դաշինքի դրդապատճառների ու նպատակի, ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց պատկերացումների ու ծրագրային լուծումների մասին։ Ինչպես նաև ներկայացրել են դաշինքի թիմի մասնագիտական հնարավորությունները՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները մարզի բնակիչների հետ շփումների ընթացքում լսել են լոռեցիների մտահոգություններն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները, պատասխանել բնակիչների հարցերին:
Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ամենօրյա բակային հանդիպումներ է ունենում երևանցիների հետ: