Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ալումյանը նշեց՝ պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա. Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։
Համաձայն Քոչարյանի պաշտպանական կողմի դիտարկման՝ Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի համար կա երկու հիմք՝ Աննա Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատավոր համարվել և Քոչարյանի գործը քննել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ մերժել էր Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովինմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: