Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման հետազոտություններն իրականացվում են միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկի ցուցումով և անվճար հիմունքներով, բայց շատ քաղաքացիներ ցանկություն են հայտնում թեստավորվելու՝ անկախ ախտանշանների առկայությունից։
Armenia Today-ը պարզել է, որ այս պահին մասնավոր լաբորատորիաներում ևս կատարում են վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով։
Ճշգրի՞տ են, համապատասխանում են արդյոք կենսաբանական անվտանգության և մնացած բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին, թե ոչ։
Armenia Today-ի հետ զրույցում Առողջապանության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ նախարարությունից տեղյակ չեն, թե կոնկրետ որ մասնավոր լաբորատորիաներն են այժմ իրականացնում նման թեստավորում և չեն վերահսկում կատարվող թեստավորման ընթացքը, քանի որ նախարարությունը վերահսկողական որևէ ֆունկցիա չունի։
«Մենք պատասխանատու ենք միայն այն լաբորատորիաների համար, որտեղ որ մեր գնահատմամբ իրականացվում են թեստավորումները և դրանք համապատասխանում են չափորոշիչներին» ,-ասաց Ալինա Նիկողոսյանը։
Որ մասնավոր լաբորատորիաներն են թեստավորում և ինչ գնով
Հեռախոսազանգերի միջոցով պարզեցինք, որ՝
1․ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում վճարովի հիմունքներով կարելի է կորոնավիրուսի ախտորոշման 2 տեսակի թեստ անցնել:
- ռափիդ թեստ․ պատասխանը ստացվում է 20 րոպեի ընթացքում արժեքը՝ 20 հազար դրամ է։
- PCR բկանցքի և քթանքի քսուկներից ստացվող թեստ․ պատասխանը ստացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, արժեքը՝ 25 հազար դրամ է։
Մայրաքաղաքի ու մարզերի բնակիչների համար գները չեն տարբերվում։
Աշխատակիցը պատասխանեց, որ ճշգրտության մասին հստակ թիվ չի նշվում, միայն ասվում է որ ոչ մի թեստ 100 տոկոս արդյունք չի կարող տալ։
2․ «Պրոմ-Տեստ» լաբորատորիայում 2 տիպի թեստավորում են կատարում
Առաջինը ցույց է տալիս՝ վարակված է, թե ոչ։
Երկրորդը պարզում է՝ կա՞ն իր մոտ հակամարմիններ, թե՞ ոչ: Եթե կան, ուրեմն այդ մարդն արդեն ունեցել է վիրուս։
- Առաջինի պատասխանը ստացվում է 48 ժամվա ընթացքում, արժե 20 հազար դրամ,
- Երկրորդ թեստի պատասխանը ստացվում է հաջորդ օրը, արժե՝ 30 հազար դրամ
Աշխատակիցը վստահեցրեց, որ այդ թեստերի ճշտությունը կազմում է 99 տոկոս։
3․ CoronaTest նախաձեռնություն
Օրերս «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ հիմնադրամի ողջ անձնակազմը գրասենյակում կորոնավիրուսի հակամարմինների հետազոտություն է անցել։
Նշվում է, որ այն անվճար հիմունքներով կազմակերպել է CoronaTest հայկական ընկերությունը:
Այդ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում որևէ հեռախոսահամար չկա։
Այս պահին ընկերությունը առաջարկում է
- Թիմ» փաթեթը, որը պարունակում է 20 թեստ և հարմար է աշխատավայրում աշխատակիցների թեստավորման համար։
- Փաթեթի արժեքը՝ 300 հազար դրամ։
Առաքումը Երևանի տարածքում անվճար է։
Ստացվում է՝ 1 աշխատակցի համար 15 հազար դրամ։
Ասվում է, որ թեստավորման համար հատուկ սարքավորում անհրաժեշտ չէ, իսկ արդյունքները պատրաստ են լինում տասնհինգ րոպե անց։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղեկություններ չունեն, թե դա ինչ ընկերություն է։
Հետազոտելով մասնավոր լաբորատորիաներում կորոնավիրուսի թեստավորման պայմաններն ու գները՝
եզրակացնում ենք՝
* այս պահին մասնավոր լաբորատորիաները թեստավորում իրականացնում են
*գները, կախված թեստի տեսակից, տատանվում են 15-30 հազար դրամի սահմաններում
* թեստերի որակի ու սահմանված չափորոշիչներին համապատասխանությունը կասկածելի է