Աշխարհն ահաբեկած կորոնավիրուսի համավարակն առաջին հարվածը հասցրել է Հայաստանի զբոսաշրջությանն ու հարակից ծառայությունների ոլորտին։ Ոլորտի ներկայացուցիչներն ու մասնագետները բարձրացնում են պետական աջակցության և հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտության, մեր երկրի համար հեռանկարային և ներուժ ունեցող այս բնագավառի հետագա զարգացումը չվտանգելու կարևորության մասին հարցեր։ Թեմայի շուրջ Armenia Tooday տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։
-Պարո՛ն Ապրեսյան, կարո՞ղ ենք նախնական գնահատական հնչեցնել, թե այս ամիսների ընթացքում ի՞նչ ազդեցություն ունեցավ կորոնավիրուսի համավարակը զբոսաշրջության ոլորտի վրա, ի՞նչ վիճակում է հիմա ոլորտը, որքանո՞վ է կարևոր ներքին զբոսաշրջության ակտիվացումը։
-Գնալով ներքին զբոսաշրջությունը ակտիվանում է, եթե համեմատենք մեկ, երկու երեք ամսվա իրավիճակի հետ՝ ակտիվությունն ակնհայտ է։ Կարծում եմ, դեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին չենք հասել։ Առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները հուսամ շուտով կունենաք, այն դեռ չկա, բայց կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի, կամ առանձին վերցրած երկրորդ եռամսյակի տվյալներով ներքին տուրզմի առումով մենք դեռ մոտավորապես անցյալ տարվա նույն ժամանակահատվածի կեսին կարող ենք մոտ լինել։ Հուլիս ամսից արդեն ավելի շատ աշխուժացում է նկատվել, սա ամենաաշխույժ հանգստի սեզոնն է, և հանգստանալու միակ հնարավորությունն էլ Հայաստանն է․ այս ֆոնի վրա աշխուժացումը բավական մեծ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նույն ցուցանիշին հասած չենք լինի։ Լավ է, որ կարողանում ենք զբոսաշրջության վերականգնման գործընթացը սկսել ներքին տուրիզմից․ դա և՛ անհրաժեշտություն է, և՛ հնարավորություն ներքին տուրիզմը խթանելու, զարգացնելու, ընդլայնելու համար, և՛ հնարավորություն հենց մեզ համար մեր երկիրն առավել լավ բացահայտելու, ճանաչելու, մեր ժառանգության հետ առավել մոտիկից և առարկայական շփվելու համար։ Չպետք է մոռանանք, որ ժամանակին պետք է պատրաստ լինենք միջազգային զբոսաշրջությունը վերականգնել, չկորցնենք պահը։
-Ներքին տուրիզմում որոշակի ակտիվություն նկատվում է, ճիշտ է, բայց արդյոք այն կարո՞ղ է փոխարինել արտաքին տուրիզմին։ Տուրօպերատորները դիմակայո՞ւմ են դաշտում առկա մրցակցությանը, ի՞նչ հետևանքների է հանգեցրել դա՝ գուցե որոշ գործակալությունների աշխատանքային գործունեությունը դադարեցվե՞լ է կամ հանգեցրել է մատուցած ծառայությունների շուկայական գների նվազեցմանը։
-Շատ ճիշտ հարց էր, որովհետև նշեցինք ներքին տուրիզմը շատ կարևոր, անհրաժեշտ է, ավելին՝ դրանից սկսելն է շատ կարևոր․ դա ինչ-որ չափով կարող է մեղմել իրավիճակն ու ինչ-որ չափով խոչընդոտել կամ նպաստել ոլորտի փլուզման կանխարգելմանը։ Բայց միայն հույսներս չենք կարող դնել ներքին տուրիզմի վրա, պետք է մտածենք ճիշտ ժամանակին միջազգային զբոսաշրջությունը վերականգնելու մասին՝ զուգահեռաբար պետք է մտածենք անհրաժեշտ պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտին չուշացնելու և անհրաժեշտ հասցեական, նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Այս բոլոր միջոցառումները պետք է լինեն համալիր՝ և՛ աջակցությունը, և՛ ներքին տուրիզմի զարգացում-խթանումը, և՛ միջազգային տուրիզմի ժամանակին վերականգնումը՝ անպայման պահպանելով անվտանգության և հանրային առողջության պահպանման բոլոր կանոնները։
-Ձեր նախանշած խնդիրների համատեքստում՝ ոլորտի կայունացման համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ի՞նչ առաջարկություններ կան, կառավարությունն իր հերթին ի՞նչ մոտեցում ունի այս հարցում, ոլորտի ներկայացուցիչները ստացե՞լ կամ ստանալու՞ են համապատասխան աջակցություն։
-Բոլորս գիտենք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման կառավարության ընդունած հակաճգնաժային մոտ 20 միջոցառումների մասին, որոնցից որոշներն առնչվում էին զբոսաշրջության ոլորտին։ Մենք կառավարությանը ներկայացրել ենք առաջարկություններ՝ մանրամասն նկարագրելով իրավիճակն ու խնդիրները, համապատասխան առաջարկություններ ուղղելով աջակցման ծրագրերն առավել նպատակային, առավել հասցեական դարձնելու համար։ Այսօր էլ մենք ակտիվ քննարկման մեջ ենք կառավարության հետ․ այս պահին առնվազն երկու միջոցառում առավել առարկայական քննարկվում է, և սպասում ենք, որ մոտ ապագայում այդ որոշումները կընդունվեն։ Խոսքը վերաբերում է վարկային արձակուրդին և աշխատատեղերի պահպանման ուղղված աջակցությանը։ Մեկը՝ ոլորտի շատ տնտեսվարողներ մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը շատ կարևոր և խոստումնալից ներդրումներ էին կատարել՝ ներգրավվելով վարկային միջոցներ։ Այսօր ունեն վարկային պարտավորություններ՝ չունենալով եկամուտ և հնարավորություններ այդ վարկային պարտավորությունները կատարելու։ Այստեղ առաջին և սուր խնդիր է դրված, որպեսզի կարողանանք անհրաժեշտ վարկային արձակուրդ տրամադրել ոլորտի տնտեսվարողներին։ Ամենաճիշտ լուծումը հենց դա էլ կլինի, որ բանկերը տրամադրեն անհրաժեշտ, ողջամիտ ժամկետով վարկային արձակուրդ։
Ցավոք, պետք է նշեմ, որ այսօր ոչ միայն դրանք չեն տրամադրվում բանկերի կողմից, այլև սկսվել է այդ տնտեսվարողների դասակարգման գործընթաց։ Ունենք ահազանգեր, որ բանկերը պահանջում են կատարել բանկային պարտավորությունները և ուշացնողներին դասակարգում են որպես վատ վարկառուներ, որը իրենց հետագա վարկային պատմության, վարկունակության վրա խիստ բացասական ազդեցություն է ունենալու։ Հույս ունեմ, որ գիտակցությունն ու հնարավորությունը կունենան բանկերը, որ ողջամիտ ժամկետում վարկային արձակուրդ տրամադրեն, եթե դա հնարավոր չի լինի բանկերի համար այն իմաստով, որ կարող է վնասել նաև բանկային համակարգին, ապա մենք կառավարության հետ լրջորեն քննարկում ենք պետական աջակցությունն այս ուղղությամբ։
Քննարկվում է հետևյալի հնարավորությունը՝ պետությունը սուբսիդավորի առնվազն մինչև մյուս տարվա ապրիլ ժամանակահատվածը, որն իմ ասած ողջամիտ ժամկետն է։ Հասկանում ենք, որ մինչև մյուս տարվա ապրիլ ոլորտի տնտեսվարողները բավարար եկամուտ չեն ունենալու վարկային պարտավորությունները կատարելու համար։ Ուրեմն մինչև մյուս տարի ապրիլ վարկի տոկոսների սուբսիդավորում պետության կողմից, և որ բանկերը հետաձգեն մայր գումարների վճարումները․ սա ըստ էության կնմանվի վարկային արձակուրդին ինչ-որ չափով։
Եթե դա էլ հնարավոր չլինի, քննարկվում է երկրորդ տարբերակը, որ էլի առնվազն մինչև հաջորդ տարվա ապրիլ այդ վարկի մարման գումարների չափով՝ այս տարվա ապրիլից մինչև մյուս տարվա ապրիլ, պետության կողմից անտոկոս վարկերի կամ փոխառության տրամադրվի տնտեսվարողներին, որպեսզի կարողանան իրականացնել իրենց վարկային պարտավորություններն ու այս դեպքում պարտք մնալ պետությանը։ Ըստ էության ստացվում է, որ պետությունը վերաֆինանսավորում է այդ վարկը, այդ անտոկոս վարկի կամ փոխառության տրամադրումը պետության կողմից տնտեսվարողներին հնարավոր է երկարաժամկետ՝ 3-5 տարով և մեկ տարի արտոնյալ ժամանակահատվածով, որպեսզի այդ մարումները մեկ տարուց շուտ տեղի չունեն։ Այս ձևով կլուծվի վարկային արձակուրդի խնդիրը, այլապես շատ տնտեսվարողներ կանգնած են սնանկության իրական վտանգի առաջ։ Եթե իրենք սնանկանան, դա կհանգեցնի ոլորտի փլուզմանը, կհասցվի մեծ վնաս բանկային համակարգին, տնտեսությանը։ Այս ամենը գիտակցելով պետությունը հակված է այդ աջակցությունը տրամադրելուն, այսօր արդեն դրա մանրամասներն ենք քննարկում, հույս ունենք այդ խնդիրը մոտ ապագայում կլուծվի։
Երկրորդ խնդիրը, որ նշեցի՝ ունենք աշխատատեղերը ոլորտում պահպանելու խնդիր։ Ունենք աջակցության մեկ տարբերակ՝ ոչ թե մեկ անգամ միանվագ, այլ առնվազն էլի մինչև մյուս տարվա ապրիլ՝ առնվազն ինն ամիս ժամկետով, ամեն ամիս պահպանված կամ վերականգնված աշխատատեղերի երրորդ կամ չորրորդ աշխատավարձի սուբսիդավորում պետության կողմից․ սա էլ էական աջակցություն կլինի պետության կողմից աշխատատեղերը պահպանելու կամ վերականգնելու ուղղությամբ։
Զուգահեռ առաջարկել ենք օր առաջ քննարկել սահմանները բացելու հնարավորությունը, առնվազն քննարկել. չենք ասում հենց վաղը սահմանները բացենք։ Քննարկենք, որ ժամկետներն էլ հասկանանք, որ որոշակիություն լինի, և բոլոր միջոցառումները լինեն համալիր և արդյունավետ։ Այսինքն՝ տնտեսվարողն էլ պատկերացնի՝ ինչպիսին է լինելու մոտ ապագան։ Մենք, բացի աջակցելուց, պետք է աշխատելու, գործունեություն իրականացնելու հնարավորություն ևս ստեղծենք։ Աշխատելու հնարավորություն տալով՝ չի նշանակում, որ միանգամից ոլորտը վերականգնվելու է, նրանց եկամուտները վերականգնվելու են և հնարավոր է լինելու այդ ամենը միանգամից անել։ Անկախ նրանից՝ հաղթահարած ենք լինելու կորոնավիրուսը, թե ՝ ոչ, առաջիկայում ևս շատ պասիվ սեզոն է սպասվում, և հիմնական սեզոնը հաջորդ տարվա ապրիլից նոր կսկսվի։ Շատ կարևոր է, որ սահմանները բացելու և միջազգային զբոսաշրջությունը վերականգնելու հարցը նույնպես զուգահեռ քննարկենք։ Այսօր այս երեք հարցն ենք դարձրել հրատապ քննարկման առարկա, մյուսների մասին էլ կկարողանանք հետագայում խոսել։
Նարե Հարությունյան