Այսօր՝ վաղ առավոտից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և անձամբ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կապ են հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում: Այս մասին հայտնում են հանձնակատարի գրասենյակից:
Ըստ ստացված տեղեկատվության՝ այժմ Լիբանանում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն:
«Համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը: Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ»,- նշվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունենալու հավաք համայնքային ղեկավարների հետ, որի ընթացքում կքննարկվեն հենց այս հարցերը:
Գլխավոր հանձնակատարը Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ է համակարգային ձևով աշխատելու համար: