Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով Լիբանանի դատախազությունը պատրաստվում է հարցաքննել կառավարության ներկայիս և ավելի վաղ կազմերից մի շարք նախարարների, հաղորդում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:
Առաջինը, ինչպես պնդում են, կհարցաքննվի հասարակական աշխատանքների նախարարության նախկին ղեկավար Ղազի Ալ-Արիդին։ Նախատեսվում է նաև ցուցմունք տալու հրավիրել հասարակական աշխատանքի նախկին նախարարների, ֆինանսների և արդարադատության նախարարներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում գտնվող պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 171 մարդ, տուժել է մոտ 6 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորել են: Պաշտոնական վարկածի համաձայն՝ ողբերգության պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակ սելիտրայի բռնկումն է, որն առգրավվել է մաքսային ծառայությունների կողմից վեց տարի առաջ:
Օգոստոսի 8-ից Բեյրութում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնք հետագայում վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները Լիբանանի իշխող կոալիցիային մեղադրում էին կոռուպցիայի մեջ և պահանջում էին արտահերթ ընտրությունների անցկացում և նավահանգստում պայթյունի անկախ հետաքննություն: Այս ֆոնին օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է երկրի կառավարության հրաժարականի մասին։