ԱԺ-ում տեղի ունեցավ ՍԴ նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանի ու Էդգար Շաթիրյանի երդման արարողությունի, ովքեր ստանձնեցին իրենց լիազորությունները:
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,- ասված է նրանց երդման տեքստում:
ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը երդումից առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ իր թեկնածությունը առաջադրելու և ՀՀ ազգային ժողովին՝ վստահության քվեն իրեն հանձնելու համար։ «Ես ուզում եմ վստահեցնել իմ ժողովրդին, որ իմ գիտելիքները և իմ դիրքորոշումները կօգտագործեմ ի շահ ժողովրդի՝ հանուն մեր հայրենիքում արդարության հաստատման»։
ՍԴ մյուս դատավոր Էդգար Շաթիրյանը, մինչ երդմանն անդրադառնալը, նույնպես շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց նաև Ազգային ժողովին՝ վստահության քվեն իրեն տալու համար։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը: