Այն ինչ տեղի է ունենում քաղաքական նպատակներ ու քաղաքական ենթատեքստեր ունեն, բայց բանավեճը ես չեմ ուզում և չեմ էլ կարող մեկնաբանել, որովհետև չեմ ուզում մտնել երկու նախկին գործընկերների տարածք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ծառուկյան հեռակա բանավեճին:
«Երբ որ իրենք իրար հետ հուշագիր էին ստորագրում, ինձ չեն հարցրել, երբ որ բանավիճում են, էլի ինձ չեն հարցրել: Այդտեղ իմ անելիքը չկա: Ցանկացած քաղաքական խնդիր պետք է իրագործվի առանց վիրավորանքների: Մենք միշտ փորձել ենք քաղաքական դեբատի մակարդակը չիջեցնել, բայց երբ քեզ սկսում են խփել գոտկատեղից ներքև, դու էլ պատասխանում ես, ինչ-որ իրավիճակում պատասխանդ դառնում է գոտկատեղից ներքև»,-ասաց նա:
Մարուքյանն անդրադարձավ վարչապետին սպասարկող ինքնաթիռին, որի դիզայնի համար, ըստ մամուլի հրապարակումների, ծախսվել է շուրջ 250.000 դոլար։ Նա նկատեց, որ վարչապետի օդանավը ներկելու գումարը պետական գաղտնիք չի կարող լինել։
«Ասում են 250 հազար դոլար չի, դե թող ասեն ինչքան է: Իշխանությունը, որը ժողովրդին ժուժկալության կոչ է անում, պետք է ինքը ամենաժուկալը լինի: Հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք է ճգնավորի պես աշխատի ու ապրի, բայց մենք դա չենք տեսնում»,- ընդգծեց նա։
Մարուքյանի խոսքով՝ չի սխալվում նա, ով չի աշխատում, և ցանկացած իշխանություն սխալներ անում է, բայց սա լեգիտիմ ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում:
«Ասում է՝ արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում՝ որն է սխալ: Օրինակ՝ որ Երվանդ Խունդկարյանն այստեղ երդվեց, կարո՞ղ է դա նկատի ունի որպես սխալ: Հազար բան կարող են կասկածել, չէ՞: Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ որևէ հարցում, անգամ եթե սխալ է անում, զիջելու տեղ չունի: Դա վատ բանի է տանում՝ ժողովրդավարական պրոցեսները դեպի ամբողջատիրականի: Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունում, որ սխալ են անել: Ինչ արվել է, ժողովրդավարական իշխանությանը հարիր չէ: Իշխանությունն ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ»,-ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ: Նա, մասնավորապես, գրել է. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: Ավելի ուշ ֆեյսբուքյան էջում գրառմամբ է հանդես եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել բարձր պաշտոններ։ «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,-գրել է նա: